Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Սիրելը մարդ արարածի կոչումն է

Սիրելը մարդ արարածի կոչումն է
02.02.2016 | 09:37

ԱՍՏԾՈ ԾՐԱԳԻՐԸ ՄԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Տե՛ր բարեգութ, ի՞նչ ես հրամայում,
Որ կատարի Քո այս նվաստ ծառան,
Ի՞նչ պաշտոն ես տվել նրան՝
Քո այս մեղսալից ստրուկին:
Տե՛ս, գերագույն Սեր, ես այստեղ եմ,
Սեր գերագույն, նայի՛ր ինձ, այստեղ եմ ես,
Ասա՛, ի՞նչ է Քո ծրագիրը ինձ համար...
- - - - - - - - - - - - - - - - - - - - -
Ես Քոնն եմ, Քեզ համար եմ ծնվել,
Ասա՛, ի՞նչ է Քո ծրագիրը ինձ համար:
Թերեզա ԱՎԻԼԱՑԻ
(1515-1582, եկեղեցու վարդապետ)

Այսպես պետք է դիմենք նաև մենք Տիրոջը, Ով սպասում է, որ մի օր կհասնենք ինքնագիտակցության, կանգ կառնենք ու ավելի պատասխանատու ձևով կնայենք մեր կյանքին: Այսօր շատ քրիստոնյաներ ընտրում են միջին (չեզոք) հավատացյալի վիճակը, բայց եկեք տեսնենք, ինչ է ասում Աստծո Խոսքը այս մասին. «ՈՒրեմն որովհետև գաղջ ես՝ և ոչ տաք և ոչ ցուրտ, քեզ պիտի փսխեմ Իմ բերանից» (Հայտնություն, 3.16): Ո՞Ւր կտանի մեզ այս միջին վիճակը, ինչո՞վ կողմնորոշվենք հիմա. եթե Աստծո Խոսքով ապրենք, նշանակում է` պետք է հետևենք Նրա բոլոր «կանոններին», թե՞ ընդունենք այն, ինչ հօգուտ մեզ է և չի խանգարում մեր ծրագրերին, իսկ այն, ինչը կխոչընդոտի մեր նպատակների իրականացմանը, կարող ենք «դեն շպրտել»։ Որոշումը մերն է և մենք ենք ընտրում` հետևե՞լ Աստծո ծրագրերին մեր կյանքում, թե՞ հանձնվել «ճակատագիր» ասվածին և սպասել դեպքերի ինքնահոս զարգացմանը:
Մի՞թե պատահական ենք ծնվել ժամանակի ու տեղի առումով, ինչո՞ւ հենց այս ծնողներից, ինչո՞ւ այսպիսի ճակատագիր, թե՞ դա Աստծո նախախնամությունն է: Եթե Աստծո նախախնամությունն է, ապա ինչո՞ւ այսպես, չէ՞ որ Աստված «համակ Սեր» է և Նա չէր կամենում, որ Իր զավակը տառապեր: ՈՒրեմն, ո՞րն է այս ամենի գաղտնիքը, ինչպե՞ս ընդունենք այս «ճակատագիր» կոչվածը կամ «Աստծո կողմից նախախնամությունը» այնպես, որ թվացյալ վատ իրավիճակից կարողանանք քաղել օգուտ թե՛ մեզ համար և թե՛ այն մարդկանց համար, ում Աստված դրել է մեր կողքին:
Այսօր մենք ավելի ու ավելի քիչ ենք հետաքրքրվում սրբերի կյանքով ու վարքով, մեր երևակայության մեջ նրանք «զատվածներ» կամ «ընտրյալներ» են սոսկ, ովքեր մեր մարդկային հասկացողությամբ այդպես են ծնվել, ապրել առանձնացած և միայն աղոթել են, սակայն եթե «մտերմանանք» նրանց հետ՝ ուսումնասիրենք նրանց կյանքը և վարքը, նրանց թողած ժառանգության միջոցով մեզ պարզ կդառնա, որ նրանք մեզ նման մարդիկ են եղել, ովքեր ճիշտ ժամանակին կողմնորոշվել և իրենց ծրագրերը համապատասխանեցրել են Աստծո կամքին և իրենց երկրի վրա ապրած կյանքի ժամանակ դարձել մարդկանց համար փարոսներ:

ԽՈՍՏՈՎԱՆՎԱԾ ՄԵՂՔ
Մենք կարող ենք ճանաչել մեղքը, գիտակցել նրա ծանրությունը, երբ կարդանք այդ մեղքի մասին օրենքը, թե ինչպես է պատժվում այն ըստ Օրենքի: Մարդն իրեն երբեք չի համարի մեղավոր, եթե իմանա, որ իր մեղքը ծածուկ կմնա, և ոչ ոք չի իմանա իր գործած մեղքի մասին: Այլ կերպ, աշխարհիկ լեզվով ասած, դա նույն հանցանքն է, որի համար մենք՝ քաղաքացիներս, պատասխանատու ենք օրենքի առաջ, եթե այն բացահայտվում է: Բայց, միայն և միայն ճանաչելով Աստծուն, կարդալով Նրա Խոսքը, մենք գիտակցում ենք, որ իրականում ոչ մի բան ծածուկ չի մնում: Անգամ եթե այսօր մենք խուսափում ենք պատժից, քանի դեռ չի բացահայտվել մեր մեղքը, ապա մի օր մենք դատապարտվելու ենք Աստծո կողմից, Ով ամենատես է, և իհարկե լավագույնը կլինի այն, եթե մենք մեր մեղքի համար ապաշխարենք այսօր՝ առանց հետաձգելու. «Կան մարդիկ, որոնց մեղքերը հայտնի են նախքան որևէ դատաստանի ենթարկվելը, մարդիկ էլ կան, որոնց մեղքերը հետո են հայտնի դառնում» (Ա Տիմոթ. 5.24):
Մեղքը ծնվում է մեր մտքում, և եթե մենք ժամանակին չենք դիմում հոգևոր առաջնորդի, ով մեզ կարող է օգնել, որ հնարավորինս շուտ ազատագրվենք նրանից, կարող ենք խորանալ այդ մեղքի մեջ այնքան, որ մի օր էլ ի վիճակի չենք լինի նրան ոչ ասելու: Այլ կերպ ասած, մենք այդ մեղքի հետ կապվում ենք և նույնիսկ արդարանում, ասելով, որ շատ մարդիկ նույնն են անում, կամ՝ կան մարդիկ, ովքեր ավելի մեծ մեղքեր են գործում: Բայց չէ՞ որ ամեն մարդ դատվելու է ըստ իր գործերի, և մենք չենք արդարացվելու այն բանի համար, որ մյուսները մեզնից ավելի մեղավոր են: Հետաձգելով խոստովանությունը, մենք վնասում ենք մեզ, և մեր մեջ արմատացած մեղքը, որը ամաչել ենք խոստովանել, կարող է մեծ չարիք պատճառել մեզ:
Մի երիտասարդ վանական գնում է խոստովանության ծերի մոտ: Նրան լսելուց և արձակում տալուց հետո ծերն ասում է.
-Վե՛ր կաց, ապաշխարիր ու գնա:
Անցնում է որոշակի ժամանակ, և երիտասարդը տրտմած գալիս ու կրկին խոստովանում է, որ նորից է մեղանչել, ծերից լսելով նույն խոսքերը, կրկին հեռանում է, բայց առժամանակ հետո, կրկին ընկնելով նույն մեղքի մեջ, դարձյալ գալիս է ծերի մոտ: Ծերը հանգիստ լսում է նրան և նույն խոսքերով ճանապարհում: Երիտասարդ վանականը մեղավոր հայացքով նայելով ծերին ասում է.
-Եվ մինչև ե՞րբ ես կգամ ու կպատմեմ նույն մեղքը, իսկ Դուք ինձ կասեք նույն խոսքերը, հա՛յր:
Ծերը պատասխանում է.
-Մենք այսպես կպայքարենք ձեր մեղքերի դեմ մինչև այն օրը, երբ մահը գա: Տա Աստված, որ երբ այդ պահը գա, դուք չլինեք մեղքի մեջ, այլ լինեք ապաշխարության մեջ:
Ասել է` վստահենք մեր կյանքը Աստծուն, եթե անգիտակցաբար կամ գիտակցաբար գործել ենք որևէ մեղք, Աստված միշտ էլ պատրաստ է մեզ ներելու, միայն չխոստովանված մեղքն է, որը կարող է մեզ ընդմիշտ հեռացնել Աստծուց:

ԿԵՂԾԻՔԸ ՈՐՊԵՍ ՉԱՐԻՔ
Երբ փորձում ենք խոսել որևէ երևույթի մասին, երբեմն մեզ թվում է, որ եթե դարեր շարունակ մարդիկ այդպես են ապրել, ուրեմն ավելորդ է խոսել տվյալ երևույթի կամ դրանից բխող չարիքի մասին, պատճառաբանելով, թե այն կա, և կարիք չկա դրա դեմ լուրջ պայքար մղելու: Այսօր չենք էլ կարող պատկերացնել, թե ինչքա՜ն չարիք է պատճառել կեղծիքը մարդկությանը, ինչքա՜ն հիասթափություն և հուսահատություն։ Այս տարաբնույթ, արգահատելի երևույթի մեջ մենք տեսնում ենք մի քանի մեղքերի համատեղ դրսևորում՝ սուտ, շահամոլություն, նպատակադրված խաբեություն, դիմացինի զգացմունքների ծաղրում, մեզ նմանին մեզնից անխելք համարելու միտում:
Մարդը կորցրել է իր անկեղծությունը ոչ միայն ուրիշի նկատմամբ, այլև ինքն իր: Ինչո՞ւ լինել անկեղծ, եթե կարելի է ձևանալ և խաղալ, չէ՞ որ այդ դեպքում դու մի փոքր հաճելի կդառնաս մեկի համար, ով դա կգնահատի։ Այսպես կարող ենք վերածվել դերասանի, և մեր ամեն հարաբերություն մարդկանց հետ կդառնա դիմակախաղ, մինչև մի օր կբացվի մեր իրական դեմքը. «Որովհետև ոչինչ չկա ծածուկ, որ չհայտնվի, և թաքուն բան, որ չիմացվի» (Մատթեոս 10.26):
Ի՞նչը ստիպեց մեզ դառնալ այդպիսին: Կա՞ արդյոք «արժանի» նպատակ, հանուն որի արժե խաբել Աստծուն և մեզ նմանին: Մի՞թե այն նպատակը, որին մենք ուզում ենք ամեն կերպ հասնել և դրա համար պատրաստ ենք դիմելու կեղծիքի՝ իրականանալի կդառնա առանց Աստծո թույլտվության կամ աջակցության: Կամ, մի՞թե Աստված, Ով ստեղծել է մեզ, ավելի ճիշտ չի՞ կարող տնօրինել մեր կյանքը. «Քո աչքերը տեսան իմ կերպարանքը՝ դեռ անպատրաստ. և Քո գրքում գրված էին այն բոլոր օրերը, որ լինելու էին, երբ դրանցից մեկը դեռ չկար» (Սաղմոս 139.16): Ինչո՞ւ մենք կորցրինք մեր անկեղծությունը: Որովհետև մենք կորցրինք մեր Հոր՝ Աստծո նկատմամբ մեր հավատն ու վստահությունը: Բայց ինչպե՞ս վստահենք, եթե չենք տեսնում Նրան, եթե միայն կարդացել ենք Նրա մասին և ոչ մի անգամ չենք փորձել Նրա ներկայությունն զգալ մեր զգայարաններով: Եթե Նա մեզ համար իրական ու կենդանի Աստված չէ: Ամեն անգամ կեղծելիս չենք անդրադարձել, որ եթե մենք Նրան չենք տեսնում, դա չի նշանակում, որ Նա ևս մեզ չի տեսնում: Արժե՞ կորցնել հարգանքը մեր սեփական անձի նկատմամբ միայն այն բանի համար, որ հասնենք ինչ-որ նպատակի, որն այսօր մեզ ամենակարևորն է թվում, բայց տարիներ հետո կհասկանանք, որ այդ «նպատակ» կոչվածը խաբուսիկ խայծ էր չարի կողմից, որպեսզի փորձվեր մեր հնազանդությունը Աստծո Խոսքին և շեղեր մեզ «Մեծ նպատակ»-ից, որը կտաներ դեպի կատարյալ երջանկություն:
Իրական երջանիկ ապրելու պայմաններից մեկը առանց կեղծիքի, պարզ հայացքով մեզ նմանին նայելն ու մաքուր սրտով նրա հանդեպ ազնիվ վերաբերմունք ցուցաբերելն է:

Անահիտ-Աննա ԳԻՉՅԱՆ

Դիտվել է՝ 1621

Մեկնաբանություններ